▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյանը «քննությունը» չհանձնեց. Ուրախ են բոլորը, զզվում են 5 հոգի

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստը երեկ վերածվեց իրական թոք-շոուի: Իշխանական եւ ընդդիմադիր ավագանու անդամները միմյանց վրա ջուր շփեցին, հայհոյանքներ նետեցին իրար հասցեի, բանը հասավ նույնիսկ ծեծկռտուքի ու ոստիկանության միջամտության: Սակայն հատկանշական է ոչ թե տեղի ունեցած միջադեպը, այլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առկա տրամադրությունները:

«Իրավունքի» տեղեկություններով` ՔՊ-ում բոլորն ուրախ են, որ ի ցույց դրվեց Տիգրան Ավինյանի անկարողությունն անգամ նիստ անցկացնել` մի իրավիճակ, որն անգամ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք երբեւէ չի եղել:

Այո՛, ՔՊ-ում մինչեւ օրս խանդի տեսարաններ կան, թե ինչու Տիգրան Ավինյանին վերապահվեց այդ աթոռը, իսկ Նիկոլ Փաշինյանի մերձակա շրջապատը ոգեւորված է, որ այսպիսի տապալումից հետո` այլեւս որեւէ մեկի մտքով չի անցնի Տիգրան Ավինյանին տեսնել` որպես Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդ:

Արդյունքում` գոհ են բոլորը, անգամ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» ու Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» խմբակցությունները, որոնք թեպետ այս անգամ էլ իրենք իրենց մասնակցությամբ ապահովեցին Երեւանի ավագանու նիստի քվորումը, բայց հիշարժան դարձրին իրենց մուտքը նիստերի դահլիճում: Այսպիսով` ինչպես կասեր Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր «Կարգին սերիալում»` ուրախ են բոլորը, զզվում են 5հոգի. «Հանրային ձայն» խմբակցության 5 ավագանու անդամները բոյկոտել էին նիստը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more