▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասեկոսե, որն ապշեցրել է Հովհաննես Բաբախանյանին

Դիտեք նաև՝

ASEKOSE.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի  հարցերին պատասխանում  է  դերասան Հովհաննես Բաբախանյանը:

 -Կկարողանա՞ք հիշել փոքրիկ Հովհաննեսի ամենամեծ  հոգսը:

-Մանկության տարիների իմ ամենամեծ հոգսը ծնողներիս բաժանումն էր: Չնայած ես ամենափոքրն էի  ու սիրված երեխան էի, այնուամենայնիվ,  ինձ մեծ ցավ էր պատճառում նրանց միմյանցից առանձին ապրելու փաստը:


 -Դպրոցում  ո՞ր առարկայի ժամանակ եք միշտ նայել ժամացույցին` սպասելով դասի ավարտին:

-Աշխատանքի ուսուցման ժամին, որովհետև ուզում էի հաստոցի առաջ դետալներ տաշել, բայց ուսուցչուհիս ասում էր. «Շատ վտանգավոր է. քանի՜, քանի՜ հոգի են մատները վնասել»: Հետո բաժանում էր խարտոցները և ասում. «Դե, խելոք նստեք ու ձեզ համար պահարանի բռնակ տաշեք»: Խարտոցով խարտելն ու դանդաղ արդյունքի հասնելն ինձ ձանձրացնում էր ու ես անընդհատ ժամացույցիս էի նայում:

-Ավելի հաճախ արածի՞, թե չարածի համար եք զղջում:

-Չարածի, որովհետև միշտ մտածում եմ, որ կարելի էր ավելին անել:

-Մարդ կամ մարդիկ, ովքեր լուրջ դեր են խաղացել մասնագիտության ընտրության հարցում:

-Հայրս ու քույրս: Հայրս ինձ մղում էր դեպի թատրոն ու երգարվեստ, իսկ քույրս, որ նկարչուհի էր` դեպի գեղանկարչություն:  Երկուսն էլ ընտրեցի, բայց արդյունքում հասկացա, որ ավելի դերասան ու երգիչ եմ, քան` նկարիչ:

-Կինը Ձեզ համար

-Աստծո կողմից տրված ամենաթանկ ու չքնաղ նվերն  է Ադամին: Կինը բնության ամենագեղեցիկ էակն է: Կինն ինձ համար սեր է, մեղմություն, նրբություն, կանացիություն,  քույր ու մայր:


-Վարպետներ, որոնց անցած ուղին Ձեզ համար օրինակելի է:

-Բոլոր նրանք, ովքեր բարձր են պահել «Նորին մեծություն թատրոն»  կոչվածը և իրենց   կատարումներով ու բեմական կրթությամբ կարողացել են ժողովրդին բարձրացնել դեպի արվեստի մակարդակը, և ոչ թե արվեստը իջեցրել մինչև հանրամատչելություն:


-Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:

-Ամենաթարմ ու մեծ սուտը, որ լսեցի իմ մասին այն էր,  թե իբր ես Ամերիկայում բոլոր ատամներս հանել եմ ու, ինչպես իրենք են ասում, պտուտակներով հավաքել  եմ տվել` իբր ծախսելով  $35.000: Պատմողն անգամ երդվել է` ասելով, թե իբր ինքն անձամբ ոմն  բժիշկ Հոստոմից է լսել այդ մասին, որն իբր նաև վերջինիս  բժիշկն է:

- Հովհաննես Բաբախանյանը զայրանում է, երբ

-Երբ չեմ կարողանում ինձ տիրապետել:  Զայրանում եմ, չարանում, հետո ավելի եմ զայրանում, որ զայրացա: Հետո հայտնվում է Մարիս, փոխում տրամադրությունս ու կյանքիս իմաստը: Եվ ամեն ինչ սկսվում է նոր տողից…


-Երևույթներ, որոնք խորթ են Հովհաննես Բաբախանյանին:

-Ատում եմ պայմանավորված ու բեմադրված մարդկային փոխհարաբերությունները, անձնական հիմար հաշվարկները, տեսնել լույսը, տաղանդն ու լռել, որովհետև այդպես է պետք: Համակարծիք լինել կեղծիքին, դառնալ ծախված հոգի, կամակատար ու չբարևել արժանի մարդկանց, որովհետև այդպես է պետք…

Իմ այս խոսքերը, իհարկե,  կարող են միամիտ թվալ, անգամ, եթե ասվում են 45 տարեկան փորձված ու հաջողությունների հասած տղամարդու կողմից, բայց հավատացեք, որ   հաջողության հասնելու գաղտնիքը հենց ուժեղ և առաքինի լինելու մեջ է: Ունենալ քո ուրույն կարծիքն ու անձնական սկզբունքները` երբևէ չպարտադրելով  դրանք:  Եթե գաղափարդ կամ առաջարկդ լուսավոր է  և հաջողված, ընկերներդ քեզ համախոհ կդառնան ու կհետևեն առանց մանկլավիկ ու ծաղրածու դառնալու:

Այս երևույթն, ըստ իս, աններելի է հատկապես արվեստում, այսինքն` ստեղծագործական ոլորտում, որովհետև կեղծիքը կարող է սպանել հենց ստեղծագործական սաղմը...

-Ո՟ր հարցերում եք անդրդվելի:

-Անբուժելի օպտիմիստ եմ: Երբեք չեմ փորձում իմ  Աստծուն ասել,  թե որքան մեծ է իմ խնդիրը, այլ փորձում եմ  խնդրին  ասել, թե որքան մեծ ու հզոր է իմ Աստված:

-Ֆիլմ, որը նշանակալի դեր է ունեցել Ձեր կյանքում:

-Արտավազդ Փելեշյանի բոլոր ֆիլմերը և  Անդրեյ Տարկովսկու որոշ  ֆիլմեր:

Իսկ իմ ֆիլմերն ինձ համար թանկ են`  որպես իմ կենսագրական  ու ստեղծագործական հաջողությունների սկիզբ  կինոյում:

-Ե՞րբ հայաստանցի հանդիսատեսը կրկին կծափահարի Հովհաննես Բաբախանյանին:

-Երբ 45-ամյա հոբելյանիս առիթով գամ ու մեծ համերգային ծրագրով  և մենաներկայացմամբ ներկայանամ իմ հանդիսատեսին: Աստված առաջ…


Հեղինակ` Անի Բեքիրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more