▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթնացող ազգի և ստոր ամբոխի արանքում

Այս ժամին, այս րոպեին Հայ Մարդը – տեսա՜կը, հոգի՜ն, գե՜նը, առանց խառնուրդների, կանգնած է իր հողին: Նա նայում է աջ – այնտեղ արթնացող Ազգն է, որը ուզում է դեն նետել լուծը, որը փետրվարի 18-ին որոշում էր ընդունել, որը ելք է փնտրում: Ապա նայում է ձախ – ո՛վ զարմանք՝ այստեղ նույն մարդիկ են, նույն դեմքերն են – բայց սա արդեն մի փառատենչ, քինախնդիր, ագահ զանգված է, մի ստոր ամբոխ, որի գլխավերում թևածում են եսապաշտության ամպերը;

Հայ Մարդը զարմանում է – ինչպե՞ս կարող է նույն մարդը երկու մարդ լինել – մեկ՝ ազնիվ ու վեհանձն ապստամբ, մեկ՝ եսապաշտ երկոտանի արարած: Սա Հայ Մարդու ողբերգության ժամն է, նրա շփոթության րոպեն, նա չի ճանաչում իր ժողովուրդը, և հուսալքությունը պատում է նրան: 

Մի՛ հուսալքվիր, Հայ Մարդ, քո սրտի արևը օգնության է շտապում քեզ, իսկ ես կլինեմ սրտիդ թարգմանը: Եվ սիրտդ ասում է՝ մի՛ հուսալքվիր – այո՛, վճռական անկյունադարձին ազգը պրկում է գիտակցությունը և գրեթե արթնանում – նայի՛ր փետրվարի 18-ի համայնապատկերը… Քիչ անց, դեպի ազգն է սողում իր իսկ ստեղծած ճահճի ջրերը, ծածկում ազատագրվող գիտակցությունը, արթնացող բոցին խառնում գոսացած հաշվարկ, «խելք», կեղծ ինտելեկտ, տեխնոկրատ գոռոզություն, մեդիա-ծախվածություն, ազդեցության գործակալի լկտիություն, կուսակցական փայատիրություն… Եվ ճահճի պղտոր ջրերը մթագնում են երբեմնի ազնիվ ճակատները – դավաճանների մասին չէ խոսքը, նրանց նեղ ճակատները միշտ էլ մութ են եղել:

Հայ Մարդն հարցնում է՝ Ի՞ՆՉ ԱՆԵԼ: Եվ նրա սիրտը ինձ ներշնչում է ա՜յս պատասխանը՝ ա՜յս օրվա համար: ՁԵՌՔԲԵՐԱԾ ԷԹԻԿԱՆ ՉՄՍԽԵԼ, շունշանորդինե՛ր – ներեցեք, էս վերջին բառը մեր գեղջկական արմատական բառարանից քաղեցի… Բացատրեմ: Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը ԱՅՍ ՀՈԳՈՒ միջոցով իրականացրեց ապստամբության իր իրավունքը: Այդ ՀՈԳԻՆ, թերևս ոչ ամբողջությամբ, դարձավ էթիկական փաստ, զորություն, կերպար: Մի քանի օր հետո նույնիսկ նրան կհասնի ճահճի պղտոր ջուրը և կաղտոտի ճակատը: Նա կանի սխալներ – քանզի նրա աշխարհայացքային հորիզոնը չի հասնում Ազգի Մշակույթի արարչածին բարձունքներին: Բայց նրա միջոցով ձեռքբերած ԷԹԻԿԱՆ պատմական փաստ է, արժեք, հարստություն – պետք է այն խնամել, պահպանել… Եվ վերջապես, «ժողովրդավարության» վաճառականներ, հիշեցնեմ, որ դուք պետք է հարգեք և ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵՔ ժողովրդի ընտրությունը: Անվերապահորեն: Մինչդեռ նայե՛ք ձեզ – կողոպտիչներ ժողովրդական էներգիայի, որի ալիքի ծփանքը գողանում և ներարկում եք ձեր անսիրտ, անսեր նախագծերին, կուսակցական ձեր շահերին:

Ավարտեմ: Ո՜վ կարող է՝ փետրվարի 18-ի ձեռք բերած ԷԹԻԿԱՆ թող խնամի, թող ազգի սիրտը խնամի, և դրա հետ մեկտեղ՝ երգի իր անհատական, ստեղծագործական, հայկական երգը – ինչու՞ ոչ, և այնժամ միայն Նոր Շարժումը կասնի նպատակին: Ո՜վ հասկացավ այս հասարակ միտքը՝ փա՛ռք նրան… 

Լեւոն Դռնոյան

18 ապրիլի 2013թ.

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more