▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առևանգել են ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանին. մանրամասներ

Թարմացված․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի առևանգման մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ առևանգման մասին ստացվել է հաղորդում, որի առթիվ հունվարի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Իրականացվում են քննչական, վարութային ակտիվ գործողություններ՝ հաղորդման մեջ նշված տեղեկությունները քրեական վարույթի շրջանակներում համակողմանի ստուգելու, իրականությունը պարզելու նպատակով»,- մասնավորապես նշել է Աբրահամյանը։

***

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնում մարդու առևանգում հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Փաստաթղթերը ձևակերպվել են հունվարի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած Երևանի բնակիչ 48-ամյա Նարինե Հայրապետյանի հաղորդման փաստով։

Վերջինս հայտնել է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար իրեն նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։

Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, Ն. Հայրապետյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ է։

Աղբյուրը՝ Շամշյան․com

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more