▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ Բաքվի բանտերում է, իսկ ԱԳՆ-ն հրաժարվում է հստակ պատասխաններ տալ

«Ժողովուրդ» օրաթերթը, հղում կատարելով իր իրազեկ աղբյուրներին, գրել էր, որ վերջին օրերին դարձյալ կտրուկ վատացել է Բաքվի կողմից ապօրինի գերեվարված և կալանավորված ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի առողջական վիճակը, ինչը փաստում է Բաքվի բանտերում նրանց նկատմամբ անմարդկային և միջազգային նորմերի կոպիտ խախտմամբ վերաբերմունքի մասին։

Գրել էինք, որ Լևոն Մնացականյանի մոտ շաքարային դիաբետի լուրջ խնդիրներ են առաջացել, ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանն էլ արյան ճնշման ու սրտանոթային լուրջ խնդիրներ ունի:
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը դեռ ապրիլին էր հայտարարել, որ վերջինս հացադուլ է իրականացնում՝ պահանջելով բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը:

Ինչպես գիտենք՝ Կարմիր խաչի միջոցով պարբերաբար նրանք կապ են հաստատում իրենց ընտանիքների հետ, և ինչպես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ընտանիքներին մոտ կանգնած աղբյուրներն են փոխանցում` վերջին տեսազրույցի ժամանակ Արցախի՝ ապօրինի կալանավորված նախկին նախագահները և մյուս պաշտոնյաները շատ հյուծված տեսք են ունեցել, ու հստակ երևացել է՝ առողջական լուրջ խնդիրներ ունեն նրանք, իսկ Բակո Սահակյանն անգամ հրաժարվել է ընտանիքի հետ տեսազրույց ունենալ, միայն հեռախոսազրույց է ունեցել:
ՀՀ ԱԳՆ-ից հետաքրքրվել ենք՝ այս ահազանգերի ֆոնին Արցախի պաշտոնյաների և մյուս գերիների վերադարձի մասով ինչ է անում ԱԳՆ-ն:

ՀՀ ԱԳՆ-ն, սակայն, այս կարևոր հարցին ի պատասխան` խուսափողական պատասխան է տվել.

«Հարցին, տարվող աշխատանքներին բազմիցս անդրադարձել ենք, լրացուցիչ հանրային անդրադարձ լինելու դեպքում կտեղեկացնենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more