▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգամ իմ ձերբակալությունը չի փոխի մեր դիրքորոշումը. Գարեգին Բ կաթողիկոս

Անգամ իմ ձերբակալությունը չի փոխի մեր դիրքորոշումը. Գարեգին Բ կաթողիկոս

Եթե ձերբակալեն հայոց հայրապետին, պետք է ենթարկվենք գործող օրենքին, ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց Վեհափառ հայրը։

«Եթե անարդար է, բնականաբար, բոլոր միջոցները պիտի կիրառենք, որ արդարությունը հաղթող լինի։ Եթե չհաջողեցինք, ինչպես մեր մյուս հոգևորականների պարագայում է, մենք նույնպես պատրաստ ենք այդ հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժն ու որոշումը։ Բայց հավատարիմ ենք մնալու մեր սրբազան ուխտին, մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին, հավատարիմ եկեղեցու ինքնավարության պաշտպանությանը»,–ասաց նա։

Ընդգծեց` այդքան դյուրին չէ Հայոց հայրապետին հրաժարական պարտադրել։ Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները, և Հայոց հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, որևէ անձի և կառույցի տնօրինման։

***

«Եթե որևէ հանցանք և մեղք վերագրվում է որևէ եկեղեցականի, այն պետք է ներկայացվի համապատասխան ատյաններին, և այնտեղ այդ հարցը քննության է առնվում և համապատասխան որոշում կայացվում. սա է սկզբունքը»,- այս մասին, այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ անդրադառնալով իշխանության մեղադրանքներին, թե Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։

«Որևիցե առումով ես ճիշտ չեմ գտնում, որ եկեղեցականները առանձին մեղադրանքների պետք է անդրադարձ կատարեն, պետք է պատասխաններ հնչեցնեն և այլն։ Մեկ ատյան կա, դա եկեղեցական ատյանն է, որտեղ եկեղեցականը բոլոր հարցերին կպատասխանի՝ լինեն դրանք արդար, թե զրպարտչական։ Եվ այդ ատյանը կորոշի իր մոտեցումը տվյալ անձի վերաբերյալ և նրան վերագրվող զանցանքների առնչությամբ։ Այնպես որ, եթե այդպիսի մեղադրանք է հնչեցնում հայոց կաթողիկոսին, ուրեմն պետք է հարգի եկեղեցու կարգուկանոնը և այդ կարգուկանոնի համաձայն գործի»,- նշեց կաթողիկոսը։

***

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադառնալով դիտարկմանը, որ 2018–ին, Նիկոլ Փաշինյանն իր ընտրվելուց հետո այցելում էր Ամենայն հայոց կաթողիկոսին, և հարցին, թե ո՞ր պահից խզում առաջացավ Եկեղեցու, Վեհափառի և գործող իշխանության միջև, ո՞րն էր խզման ու անջրպետի պատճառը, Գարեգին Բ–ն նշեց․ «Ինչպես գիտեք տակավին 2018 թվականին, երբ իշխանության եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գլխավորությամբ տիար Նիկոլ Փաշինյանի, այդ շարժման ընթացքին արդեն ձևավորվեց հակակաեկեղեցական շարժում՝ Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Զավթեցին դիվանատան շենքը, զանազան գործողություններ իրականացրին, բայց հետո դադարեց այդ շարժումը, և ձևավորվեցին գործնական հարաբերություններ իշխանության հետ։

Կդժվարանամ ասել, թե ինչու և երբ հարաբերությունները լարվեցին Եկեղեցու և իշխանության միջև։ Իշխանությունն ունի հստակ մի համոզում, որը արտահայտվել է եպիսկոպոսների հետ վարչապետի հանդիպման ընթացքում վարչապետի կողմից։ Այդ արտահայտությունը հետևյալ է. «Երբ եկեղեցին պատմության ընթացքում եղել է զորեղ, վտանգ է հանդիսացել հայոց պետականությանը»։ Սակայն շարունակվել է մեր աշխատանքը, մեր գործունեությունը, և հանկարծ ինչ-որ պահի գործողություններ են սկսվել Եկեղեցու դեմ կիրառվել։

Ինչպես գիտեք, տարիներ առաջ դուրս դրվեց կրթական ծրագրից Հայ եկեղեցու պատմության առարկայի ուսուցումը։ Ամիսներ առաջ դադարեցվեց բանակում հոգևոր առաջնորդության գործունեությունը։ Խոչընդոտվեց եկեղեցու սպասավորների ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում։ Արգելվեց «Շողակաթ» հեռուստատեսության հեռարձակումը ։ Այս բոլոր դժվարությունները, չգիտեմ, եթե նաև ինչ-որ չափով պայմանավորված են մեր կողմից դրսևորված այն մոտեցման հետ, որ մենք Արցախից տեղահանված մեր զավակների իրավունքների պաշտպանության հարցն ենք բարձրաձայնում տարբեր մակարդակների վրա, ինչպես նաև գերեվարված մեր զավակների և մեր հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման հարցերի առնչությամբ»։

***

«Բագրատ սրբազանի շարժումը սկսվեց Տավուշի շրջանում՝ սահմանազատման, սահմանագծման գործընթացով պայմանավորված, երբ Կիրանցի ժողովուրդը ընդվզում ապրեց և ոտքի բարձրացավ: Այդ հարցը քննարկվեց մեր եկեղեցական շրջանակում: Եվ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ քաղաքական բնույթ չի կրելու շարժումը: Եվ մենք Բագրատ սրբազանին պատգամեցինք, որ այսպիսի իրավիճակներում առաջնորդը պետք է լինի իր ժողովրդի կողքին՝ հանդես գալու իր հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության դիրքերից»,- այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Կաթողիկոսը:

«Հետո շարժումը որոշակի փոփոխություններ կրեց, և Բագրատ սրբազանը քաղաքական գործընթացների մեջ մտավ, այդ պահին մենք կասեցրեցինք իր հոգևոր գործունեությունը: Հետո արդեն տեղի ունեցավ Բագրատ սրբազանի ձերբակալություն, բայց այն մեղադրանքները, որ Բագրատ սրբազանի նկատմամբ առաջադրվում են, անհիմն են: Մենք լավագույնս ճանաչում ենք Բագրատ սրբազանին. նա հայրենասեր, ազգանվեր եկեղեցական է»,-ընդգծեց Վեհափառը։

***

«Եկեղեցին հարկատու է և հարկեր վճարում է»,- այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Կաթողիկոսը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունն անընդհատ ուզում է հարկային դաշտ բերել Եկեղեցուն։

«Սակայն գույքահարկի վերաբերյալ առանձին հանձնաժողով ստեղծվեց, թե որ գույքերի համար պետք է հարկ սահմանվի։ Այդ գործընթացը դադարեցվեց, և այսօր արդեն կամայական կերպով մեզ փաստաթղթեր են ներկայացնում, որտեղ ոչ միայն գույքահարկն է հաշվարկված, այլ նաև տույժերը և տուգանքները։ Մենք այդպիսի մի գրություն ստացել ենք Վաղարշապատ համայնքից»,- նշեց Վեհափառ Հայրապետը։

Նա նաև հավելեց, որ եկեղեցին հարկ է վճարել նաև մոմերի արտադրության հումքի դիմաց․ «Թեև մինչև այս պահը այդ հումքի համար նման վճարում չի եղել։ Այն ազատված էր եղել հարկից, բայց արդեն, որքան որ տեղեկացված եմ, փոփոխություն է կատարվել օրենսդրության մեջ, և մոմերի պատրաստման նյութը արդեն չի դիտվում որպես ծիսական առարկա և ենթակա է հարկման»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more