▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի «հարձակումներն» ու Փաշինյանի վտանգավոր լռությունը

«Իշխանություն» լրատվականը գրում է․ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան դիմել է միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով Խոջալուի իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»։ Սա տեղի է ունենում ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից փաստացի դուրս է մղել 1915 թվականի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։

Իշխանականները հայտարարում են, որ պաշտոնական Երևանը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը չի կապում պատմական հարցերի հետ, չի առաջադրում նախապայմաններ և պատրաստ է «խաղաղության օրակարգին»։

Բայց ի՞նչ է կատարվում զուգահեռաբար։

Մինչ հայկական դիվանագիտությունը խուսափում է կոշտ արձագանքներից՝ իբր չվնասելու համար հարաբերությունների «կարգավորման» գործընթացը, ադրբեջանական կողմը ձևակերպում է օրակարգ, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես «ցեղասպանություն իրականացրած» պետություն։ Փաշինյանը հրաժարվում է հայ ժողովրդի պատմական արդարության հարցը միջազգային օրակարգ տանելուց, Ալիևը միջազգային մակարդակով ընդլայնում է իր պահանջների շրջանակը։

Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը․ եթե հայկական կողմը որևէ նախապայման չի դնում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ապա ինչո՞ւ է ադրբեջանական կողմը շարունակում նոր պահանջներ ներկայացնել։

Խաղաղության ձգտող պետությունը սովորաբար մեղմում է հռետորաբանությունը և նվազեցնում է կոնֆլիկտի ռիսկերը։ Մինչդեռ այստեղ տեսնում ենք հակառակ պատկերը․ տարածաշրջանում խաղաղության հաստատելու մասին հայտարարություններին զուգահեռ։ Բաքուն ձևավորում է մեղադրական օրակարգ, որը միջազգային հարթակներում ուղղվում է Հայաստանի դեմ։

Երևանի լռությունը այս դեպքում պարզապես դիվանագիտական տակտիկա չէ։ Դա ընկալվում է որպես արձագանքի բացակայություն։ Իսկ քաղաքականության մեջ արձագանքի բացակայությունը հաճախ մեկնաբանվում է որպես համաձայնություն կամ թուլություն։

Հեղինակ՝ Լիա Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more