▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել

Ադրբեջանցի խորհրդարանականներն առաջարկում են Բաքու հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Միլի մեջլիսի այսօր կայացած լիագումար նիստի ընթացքում այդ գաղափարը հնչեցրեց Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը։ Փոխանցում է «Ազատությունը»։

«Կարելի է Փաշինյանին Բաքու հրավիրել։ Դրա հետ մեկտեղ, Ադրբեջան տանող ճանապարհը պետք է փակ լինի այն բոլոր մարդկանց համար, որոնք մեր քաղաքական թշնամիներն են և հանդես են գալիս մեր երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերով», - հայտարարում էր Օրուջը։

Իսկ ադրբեջանցի մեկ այլ պատգամավորի՝ Վարդենիսի շրջանում ծնված Սահիբ Ալիևի քննադատության թիրախում այսօր Հայ Առաքելական եկեղեցին էր, որն, ըստ իշխանամետ խորհրդարանականի, «փորձում է խափանել սահմանազատման գործընթացը»։ Պատգամավորը նույնիսկ հասավ այնտեղ, որ այսօրվա ելույթում Հայ Առաքելական եկեղեցին «ահաբեկիչների որջ» անվանեց։

Միլի մեջլիսի անդամ Սիյավուշ Նովրուզովի խոսքով էլ՝ հայերը ոչ միայն ընդդիմանում են սահմանազատման գործընթացին, այլև փորձում են, իր բնորոշմամբ, Շուշիի կորստի վրեժը լուծել Ադրբեջանի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանում հրահրելու միջոցով։

«Այսօր ամերիկացի կոնգրեսականը կամ ֆրանսիացի պատգամավորը, որն ի վիճակի չէ քարտեզի վրա Ադրբեջանը գտնել, հանկարծ սկսել են ճանաչել, ասենք, ադրբեջանցի դատավորներին ու պահանջում են նրանց դեմ պատժամիջոցներ կիրառել», - հայտարարում էր Նովրուզովը՝ պնդելով, թե հայերից բացի Ադրբեջանի դեմ են աշխատում նաև Արևմուտքից ֆինանսավորվող լրագրողներն ու ընդդիմությունը, մասնավորաբար՝ Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին, որին պատգամավորը «տիկ-տոկեր» էր անվանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more