Վերջին շրջանում, ադրբեջանական դիվերսիոն խմբերի ու դիպուկահարների կտրուկ ակտիվացումը ՀՀ հարավ-արևմտյան հատվածում (Նախիջևան) կտրուկ սրել է սահմանագծին տիրող առանց այդ էլ ոչ կայուն իրավիճակը, կրկին ակտիվացնելով ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ մտահոգությունը:
Որքան էլ լրատվամիջոցներում նախիջևանյան ճակատի ակտիվացումը որպես անսպասելի փաստ ընկալվի, այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ այդ ուղղությամբ աճող վտանգի նախանշաններն ուրվագծվել էին դեռևս 2013 թվականի վերջերին, երբ հայտնի դարձավ, որ Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի 5-րդ կորպուսը վերակազմավորվում է՝ ստանալով առանձին համազորային բանակի կարգավիճակ:
Ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցները, մանավանդ, վերջին շրջանում, ակտիվորեն լուսաբանում են Նախիջևանում իրականացվող զորավարժություններն ու առանձին համազորային բանակին մատակարավող սպառազինությունների հարցը՝ չթաքցնելով այդ գործընթացում Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը:
Դեռ նախորդ տարի, Ադրբեջանը Նախիջևանի ուղղությամբ, առիթ ունեցել էր մի քանի անգամ ստուգելու հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանական հնարավորությունները՝ նախաձեռնելով դիվերսիոն-հետախուզական գործողություններ: Դրանցից մեկի ժամանակ, հայկական կողմը, ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին հետ մղելիս կորուստներ էր ունեցել:
Նախիջևանում տեղակայված զորքերի ակտիվացումը վտանգավոր է հատկապես երկու առումով: Առաջին, որ Նախիջևանը դառնում է հայ-ադրբեջանական դիմակայության ևս մեկ ակտիվ օջախ, երկրորդ, հաշվի առնելով պաշտոնական Անկարայի հսկայական ազդեցությունը Նախիջևանի վրա, այնտեղ տեղակայված զորքերը կարող են ցանկացած ժամանակ Թուրքիայի համար, տարածաշրջանում իրավիճակը անկայունացնող դերակատարություն ստանձնել:
Ադրբեջանի համար, Նախիջևանում տեղակայված զորքերի ակտիվացումը առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի վրա ճնշումն ուժեղացնելու համար, քանի որ Բաքվում կարծում են, որ սահմանային սադրանքներով հնարավոր է Հայաստանին զիջումներ պարտադրել, երկրորդ, սահմանի ողջ երկայնքով, ժամանակ առ ժամանակ իրականացվող տարբեր օպերացիաների միջոցով, Ադրբեջանը փորձում է արդարացնել մեծաքանակ սպառազինության գնումները:
Միաժամանակ նկատելի է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները,առանձնապես խոչընդոտներ չեն ստեղծում Ադրբեջանի համար՝ իրագործելու սեփական տակտիկական լուծումները, իսկ վերջինս անշուշտ օգտվում է միջնորդների լոյալությունից:
Սահմանին տարբեր մարտական խնդիրներ կատարելիս զինծառայողներ են զոհվում. ավելի քան անհրաժեշտ է առաջնագծում իրականացվող ինժեներական-կահավորման աշխատանքներին մեծ արագություն հաղորդել, միաժամանակ բարձրացնելով մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերի զգոնության մակարդակը: Ավելի քան երբևէ, առաջնային է դառնում զորամասերում մարտական հենակետերում անվտանգության կանոնների պահպանման հարցը, քանզի արձանագրվող մահվան ելքով միջադեպերի մի մասը պայմանավորված է անվտանգության կանոնների խախտմամբ ու սպաների կողմից ոչ պատշաճ վերահսկողության իրականացմամբ:
Ադրբեջանի կտրուկ ակտիվացումը Նախիջևանի ճակատում սպասելի էր
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


