▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

150 միլիոն՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունները սեփական նախաձեռնությամբ անցկացվող արարարողությունների համար չեն խնայում պետական բյուջեի ոչ մի լումա։

Նախ երկօրյա հեծանվավազքը պետբյուջեի հաշվին արժեցավ գրեթե 15 մլն դրամ, ապա «Մեր ժամանակների հերոսը» միջոցառում-մրցանակաբաշխությունը դեկտեմբերին անցկացնելու համար տրամադրվեց 150 մլն դրամ։
Եվ միլիոնների ցանկն այսքանով չի ավարտվում․ 2024 թվականի սեպտեմբերի 17-ից 20-ը Հայաստանում անցկացվելու է «Համաշխարհային հայկական գագաթնաժողովը»։

Պայմանագրով նախատեսվում է առնվազն 800 մասնակից աշխարհի մոտ 50 երկրից և առնվազն 200 հյուր՝ Հայաստանի Հանրապետությունից։
Գագաթնաժողովին նախատեսվում է ունենալ առնվազն 8 պանելային նիստ և առնվազն 25՝ տարբեր ձևաչափով քննարկումներ (աշխատաժողովների (Workshop) քննարկումներ, համաժամանակյա նիստեր, B2B սրահում հանդիպում-քննարկում), նախատեսվում են նաև 3 ցուցահանդեսներ (էքսպո), ինչպես նաև բացման և փակման արարողություններ:
Այս միոցառումների համար նախատեսվում է 180 բանախոս շուրջ 20 երկրներից: Քննարկվելու են Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքականությանը, ներդրումային քաղաքականությանը, հայրենադարձությանը, սփյուռքի կրթական, հայապահպանական, ինքնակազմակերպման խնդիրներին, երիտասարդական կառույցների հզորացմանը և ակադեմիական ներուժի ներգրավմանը վերաբերող հարցեր:

Գագաթնաժողովը առնվազն 1000 անձի համար է. այն նախատեսում են անցկացնել «Մերիդիան էքսպո կենտրոն»-ում՝ տարածքի վարձակալությամբ:

Տարածքում պետք է գործեն և սպասարկվեն նաև սուրճի, ջրի և զովացուցիչ ըմպելիքների տրամադրման կետեր, որոնց տեղաբաշխումը պետք է համաձայնեցվի պատվիրատուի հետ։ Ճաշի (լանչ) և ընթրիքի համար (ֆուրշետ) նախատեսված տարածքը պետք է ապահովված լինի, ինչպես նշված է պայմանագրում՝ «Առանձնացված և բրենդավորված տարածքներով՝ առանձին խմիչքների (կոկտեյլ, գինի), տաք ուտեստների, սուրճի և դեսերտի սեղանների ճիշտ դասավորությամբ և ազատ տեղաշարժի հնարավորությամբ (հերթերից և կուտակումներից խուսափելու համար), առնվազն՝ 150 անձի համար նախատեսված բազկաթոռներով, համապատասխան հատակի ծածկույթով (գույնը համաձայնեցնել Պատվիրատուի հետ), դեկորատիվ բույսերով կամ դեկորներով»: Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները մոտ 2,4 մլրդ դրամ, կամ մոտ 6,2 մլն դոլար, կհատկացնեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովն այստեղ՝ ՀՀ-ՈՒՄ անցկացնելու համար, որը տեղի կունենա մայիսի 14-ից 16-ը։ Միջոցառման համար սկզբում հատկացվել էր 2 մլրդ 219 մլն դրամ, այնուհետև կառավարության նիստում որոշվեց գումարն ավելացնել ևս 179 միլիոնով։

Ստացվում է, որ իշխանությունները միջազգային հանդիպումների համար լումա չեն խնայում, բայց, օրինակ, սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար ընտանիքին հատկացված 16 մլն դրամանոց ծրագիրը կասեցնում են՝ ֆինանսների բացակայության հիմքով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more