Թարմացված-Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
***
Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 11 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մի քանիսին «Թալին» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված տարբեր հիվանդանոցներ։


